Սովորություն է. 3-4 ամիսը մեկ աչքի եմ անցկացնում արած-չարած, շահած-կորցրածս... ու նաև հրապարակումներիս արձագանքները, վերլուծում բացթողումներիս պատճառներն ու հետևանքները։
Արդյո՞ք ասելիքիս գույները խտացված չեն, որքանո՞վ եմ չարաշահել քննադատության դոզան, «հերոսներիս» թողե՞լ եմ հերքման հնարավորություններ, թե՞ ոչ։
Ինքս ինձ քրքրելու ընթացքում բացահայտեցի մի բան, որին մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել։ Պարզվում է. հնարավորինս չեմ անտեսում մի դեպք ու դեմք, որ խոցելի է և ունի հանրությանն իրազեկելու անհրաժեշտություն։ Ավելին, հանգիստ չեմ թողնում նաև ինձ մինչև խնդիրը տրամաբանական ավարտին չհասցնեմ։ Համակերպվել և ըմբռնումով եմ տանում շրջապատիս նախատինքը, երբ հետևողական անդրադարձներս դառնում են ավելի հաճախակի ու ցցուն։ Գուցե։ Եթե այդպիսին չլինեմ, հանունի ծառայող դիտարկումներս, կարծում եմ, լիարժեք չեն կարող լինել, ներազդեցության պակաս կլինի և դժվար թե ինչ-որ իրավիճակի բարեփոխմանը կամ սխալների շտկմանն ազդակ ծառայեն։ Հակառակը` արդյունավետ արդյունք է տվել։ Իմա` «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ը։
Տնօրեն Վարդան Մկրտչյանի ոչ ադեկվատ պահվածքին, դատարաններում նրա չեղարկված հրամաններին, կամայակություններին, ֆինանսական խախտումներին և արատավոր այլ երևույթներին մեկ տարվա ընթացքում անդրադարձել եմ ավելի քան 15 անգամ։ Քննադատական ծավալուն հոդվածներիս թատրոնի սիամական զույգը` գեղարվեստական ղեկավարն ու նրա մոտ գործատուի պաշտոն զբաղեցնողը չեն համարձակվել հերքել և ոչ մի դարձվածք։ Առաջնորդվել են «Խոսելն արծաթ է, լռելը` ոսկի», կամ «Լռությունը համաձայնության նշան է» սկզբունքով։ Եվ ճիշտ են վարվել։ Միայն մի անգամ են կենդանության նշաններ ցույց տվել և անմիջապես «կարկտահարվել» են փաստառատ և ցավեցնող «Եզներին եղջյուրներից են բռնում, մարդկանց` խոսքերից» հոդվածով։
Մայր թատրոնում կոշտացող մտահոգիչ իրավիճակի և չարաշահումների մասին ֆեյսբուքյան էջերում, օրաթերթերից մի քանիսում հրապարակումներով հանդես են եկել տարբեր մասնագիտության տեր մարդիկ` թատերասեր, մանկավարժ, բեմադրիչ։ Իսկ ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր ադմինիստրատոր Մարիամ Հարությունյանը նաև հայտարարություն է տվել ուժային կառույցներին, վերահսկողություն իրականացնող մարմիններին, բաց նամակ հղել վարչապետին, նախարարին։
Դիմում-բողոքներն անհետևանք չեն մնացել։ Մշակույթի նախարարության աուդիտին հաջորդել են ՊԵԿ-ի և հարկայինի մասնագիտական հանձնախմբերը` արդյունքները` «ծրարավորել»։ Օգտվելով գաղտնիությունից և փորձելով մեկընդմիշտ փական դնել շրջանառվող տարատեսակ լուրերին` Վարդան Մկրտչյանն իր համար պատմական պահի` կոլեկտիվի ժողովում, ինքն իրեն աչքալուսանք տալով որպես վերանշանակված տնօրեն, ձեռքերի մատները մեկ առ մեկ ծալելով ժխտել է ստուգողների բացահայտումների շարանը և հպարտացել. «Մենք մաքուր ենք, խախտումներ չկան և խնդիրներ չունենք, միասին դեռ երկար ենք աշխատելու»։
Որ ոչ ոք ոչինչ չի հայտնաբերել, սունդուկյանցիների մի մասը (հիմնականում իր բերած կադրերը) շարունակել է անվերապահորեն հավատալ հրեշտակի թևերով հայտնված գործատուին, իսկ մնացածները, այդ թվում և ինձ անչափ հոգեհարազատ ընկեր-աշխատակիցները, իմ բարձրաձայնումները, մեղմ ասած, համարել են ոչ տեղին` անգամ հավաստի տեղեկությունս այն մասին, որ Մկրտչյանի փոխարեն կարճ ժամանակով, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա սանիկը` «փամփերս» մականունով Հրաչ Ներսիսյանը։ Իսկ չանցած մեկ շաբաթ, գործատու է կարգվել նորին գերազանցություն Վարդան Մկրտչյանը։
Կատարվածը կրկին առիթ է տվել թարմացնելու հին խոսակցությունները ստուգումների արդյունքները ջրվելու վերաբերյալ։ Նման կարծիքը հենց այնպես չի ձևավորվել։ Հաշվի են առնվել վերադասին հաճոյանալու վարդանյանական տաղանդը, քաղաքական հայացքներն անձեռոցիկի նման փոխելու շնորհքը (հիշեցնենք. թատրոն մտնելու առաջին օրից նա կոլեկտիվին ներկայացել է տղայական խոստովանությամբ. «Ես պատահական մարդ չեմ, Սերժի «դաբրոյով» եմ այստեղ», դեպի նոր իշխանություններ տանող ճանապարհի հրաշալի գիտակցումը և, իհարկե, թիկունքն ամուր պահող դեսպան եղբոր և ազդեցիկ ԽԾԲ-ների առկայությունը, ինչն այլևս կասկած չի հարուցում` ինչ-որ բան այն չէ։ Բայց մյուս կողմից, թավշյա այդ օրերին խիստ վճռական էր թվում արդարամիտ վարչապետի գործոնը։
Համաձայն օդում կախված լուրերի, երկարատև ստուգումների արդյունքների համադրումը և վերջնական եզրակացությունը թևակոխել են ավարտական փուլ, որը ոչ միայն մտահոգիչ է, այլև ցնցող. տարատեսակ խախտումներն անցնում են 200 միլիոն դրամի սահմանագիծը։ Ընդ որում, 35-40 միլիոնը տույժ-տուգանքներն են։ Ի դեպ, մի հյուլեաչափ տուգանքի մասին մենք ակնարկել էինք դեռ մեկ տարի առաջ, բայց ժամանակը ցույց տվեց, որ խելացի երևացող մարդու խելքը դեռ գլուխը չի եկել։
Կասկածից վեր է, որ մեր իրարամերժ օրերում որքան էլ համաճարակն ու տնտեսական, սոցիալական ճգնաժամը մեզ փորձության ենթարկեն, միևնույն է, արդարության և արդարադատության սպասման լույսը խավարով չի պատվի։ Որոշ ժամանակ կստվերվի, բայց...
Եվ ուրեմն` ոչ մեկին, այդ թվում և մայր թատրոնի ստախոս, ինքնասիրահարված և քինախնդիր տնօրենին ո՛չ «բրոնեժիլետը» կարող է օգնել, ո՛չ էլ մեղմացուցիչ հանգամանք կհամարվի նրա իրական դիմագիծը քողարկելու վրա PR-ական մի ամբողջ խմբի ջանադրությունը, որի շնորհիվ Վարդան Մկրտչյանը հաջողել է տարբեր հեռուստաէկրաններից հաճախակի երևալ, նույնիսկ մայր թատրոնի լոգոյի օգնությամբ Հ1-ում ունենալ հեղինակային ծրագիր։
Տեղին է հիշել և հիշեցնել ճշմարիտ խոսքի փիլիսոփայությունը. «Կարելի է միշտ խաբել մեկին, մի անգամ` բոլորին, բայց միշտ և բոլորին չի կարելի խաբել»։ Հիմա, երբ սա արդեն հաստատվի, վերադասին կմնա ընդամենը ազնիվ և շիտակ վերաբերմունքի խնդիր։ Ասենք` վերաբերմունք հա՛ էլ եղել է, բայց` հաշվենկատ։ Շատից մի օրինակ բերենք։ Երբ հորիզոնում նշմարվում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի անունը, նշանակումից շաբաթ առաջ վերջինիս մորը Վարդան Մկրտչյանն ընդունել է աշխատանքի որպես գլխավոր ադմինիստրատոր։ Թվում է, արտառոց ոչինչ չկա և չկա օրենքի ոչ մի խախտում։ Դե, իհարկե, եթե սպիտակ ձիու վրա իրենք են` կարելի է և խրախուսելի. ինչպե՞ս կարող է հարգարժան տիկինը նույն համակարգի նույն ոլորտի` մայր և տիկնիկային թատրոններում միաժամանակ զբաղեցնել նույն պաշտոնը, գրեթե նույն ժամին և արդյունավետ իրականացնել իր գործառույթները։
Կադրային ընտրության հարցում սա ոչ եզակի, բայց հեռատես և հաշվարկված քայլ էր։ Եվ իր հաշիվներում Վարդանը ճիշտ դուրս եկավ. մեր աղբյուրի փոխանցմամբ տարակուսող նախարար Արայիկ Հարությունյանը, թե ինչու՞ է ընդառաջել Արա Խզմալյանին` ընկերոջը տնօրեն նշանակելու հարցում, մինչ օրս հանելուկային կասկածներ են շրջանառվում։
Սկսել եմ հաճախակի մտմտալ. արմատապես ի՞նչ է փոխվել այս երկու տարիների ընթացքում։ Սպառիչ պատասխան չեմ գտնում։ Փոխվել է ոչ քիչ բան և ոչ էական, և փոխվել է քիչ բան, բայց ոչ շատ էական։ Մնում և դոփում ենք տեղում կամ նկատելի արագությամբ առաջ ընթանում դեպի... հետ, դեպի ավելի վատթարացում, դեպի հավատի, սիրո և համերաշխության սով։ Փույթ չէ, իշխանությունների համար կարևորը դուխով ՀՀՇ-ական ծագումով հայտնի երևույթը պահելն է` «թող պոլի փետ լինի, բայց մերը լինի»։
Ահագնացող աղետի և օղակվող ռիսկերի պայմաններում սա, անշուշտ, խթանում է իմքայլականների վերջը կամ վաղվա սկիզբն առանց փաշինյանական ճամբարի։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ